Նոր Երգ (ու Ստեղծելու Գործընթացը)

Սա իմ գրած նոր երգերից ա, վերջերս եղած թեմաներով (Բաղրամյանի ցույցեր). 
Նոտաները տեղադրում եմ բլոգի ընթերցողներիս համար էստեղ. Արի մեյդան.pdf

ԽՈՀԱՆՈՑԻՑ

Իմ դեպքում ամենակարևորը բառերն են, ու դրանք են որոշում մեղեդին (Մադոննան օրինակ հակառակն ա անում. սկզբում մեղեդի ա լսում պատրաստ, ու դրան ավելցնում ա իրա բառերը):

Մեղեդին գրելուց շատ քիչ բան եմ հաշվի առնում.

— ի՞նչ երգ ա լինելու տրամադրության առումով (ուրախ, տխուր),
— ինչի՞ վրա եմ շեշտ դնելու,
— ո՞նց եմ լուծելու տարբեր «տեխնիկական խնդիրներ»:

Տվյալ գործի դեպքում գիտեի, որ պետք ա լինի ուրախ, պարզ, թեթև գործ, ուստի գործածում եմ «ուրախ» ինտերվալներ ու ակկորդային պրոգրեսիա. մաժոր տերցիաներ, մեծ սեկունդաներ, 1-4-5-1 պրոգրեսիա, ու լրացուցիչ 2-րդ ակորդ (մաժոր գամմա):

Բառերը շատ պարզ են, կրկնվում են, հեշտ կլինի անգիր անելը: Քանի որ տարբեր մարդիկ են երգելու (տղա, աղջիկ, տարբեր տոնայնություններ), աշխատել եմ ընտրել մի տոնայնություն, որը միջին ստացվի (չնայած սա վիճելի ա, ու բոլորին հարմար չի էս տոնայնությունը, և ոչ մի տոնայնություն ունիվերսալ չի իհարկե): Էս նպատակին հասնելու համար դիմել եմ մոդուլացիայի օգնությանը, ու գործի ընթացում 1-ին ակկորդը դառնում ա 5-րդ, հետո գնում ա 5-4-2-1 պրոգրեսիա: Գուցե եթե ռիթմի հետ էլ միքիչ խաղայի, մոդուլյացիայի մասը («Ազատատենչ»-ից սկսվող) ավելի ընդգծվեր, իսկ էս դեպքում դա ընդգծել եմ ձախ ձեռքի (բասի) միջոցով՝ նվագելով օկտավա ինտերվալ:

Բառերի առումով, ընտրել եմ «չգենդերացված» բառապաշար («եղբայր, քույր» բառեր չկան), ներառել եմ կոչ առ գործողություն (արի մեյդան կամ Բաղրամյան / հայտնվի / դուրս արի, միացի մեզ), ու ընդգծել եմ «միանալու պայմանները». լինել ազատատենչ ու գիտակից, ու միանալ ինքնակամ: Գրական լեզվից խուսափել եմ, իմ առօրյա խոսակցական լեզվով եմ գրել (ոնց որ էս գրառման մեջ):

Եթե տեսության առումով բառերի ու տերմինների որոշ մասն անհասկանալի էր, հարցրու քոմենթների կամ ֆեյսբուքյան էջի միջոցով 🙂

Հետաքրքիր. Տատանում և Լսողություն

Մի քանի հետաքրքիր փաստ հաճախականությունների ու տատանումների մասին.

— Ձայնն իրականում հաճախականություն է (ոնց որ տեքստը՝ ընդամենը տառերի խումբ),
— Հաճախականության (մոլեկուլների) տատանումների մի մասը մեր ուղեղը մեկնաբանում է որպես ձայն,
— Մարդն ունակ է ընկալել հաճակախանության տատանումների սահմանափակ քանակ. 20 — 20,000 հերց (իսկ միջին մարդը՝ դրանից քիչ, ու մեծանալու հետ ընկալման դիապազոնն ավելի ու ավելի է նեղանում): Կարող եք ստուգել ձեր լսողության դիապազոնը հետևյալ տեսանյութով.

— Որոշ կենդանիների համար «ձայն»-ն իրականում ձայն չէ: Այսինքն նույն տատանումները նրանք չեն ընկալում որպես «ձայն»,
— Տատանումներն իրականում ամեն տեղ են, և ամեն ինչ մեր շուրջը տատանում է. մեր մարմինն անգամ տատանվող մոլեկուլներից է բաղկացած: Երկիր մոլորակը նույնպես տատանումներ է արձակում, և այդ տատանումները նաև ստեղծում են ձայն (այլ մոլորակները նույնպես նման ձայներ են «հանում»),
— Առարկաների տատանումների հաճախականության հետ «խաղալով» կարելի է առարկաները ենթարկել փոփոխության (ջարդել բաժակը, ֆիզիկական ցավ պատճառել մարդուն…):

Ի դեպ, ՆԱՍԱ-ի հատուկ ձայնագրող սարքերի շնորհիվ մարդիկ այսօր կարող են լսել Երկրի ու այլ տիեզերական մարմինների կողմից արտադրվող ձայների մի մասը.

Ավելին իմանալու համար կարդացեք «Երաժիշտ» բլոգի հեղինակի անգլերեն հոդվածը. “How Frequencies Work: Less Science, More Fun”

Եվս մեկ հոդված լսողության համար (վարժություններով)

Իմ գրած երկրորդ հոդվածն են տպել Easy Ear Training-ի պաշտոնական վեբ կայքում: Այս հոդվածում կգտնեք նաև հստակ վարժություններ լսողությունը երգեր լսելու ու սիրելի գործերը ինչ-որ գործիքով նվագելու միջոցով զարգացնելու համար:

Կարդացեք անգլերեն հոդվածն այստեղ. “An Easy Approach to Playing by Ear”.

Հարցերի դեպքում անպայման գրեք:

նկարի հղումը՝ http://cdn.easyeartraining.com/wp-content/uploads/2015/04/glass_note_2.jpg

Սովորել օտար լեզու լսողության համար

Օտար լեզուներ սովորելը կարող է օգնել լսողությունը բարելավվելու հարցում:

Ես համագործակցում էի բրիտանական մի կազմակերպության հետ, և նրանց համար գրել եմ մի քանի հոդված երաժշտության ու լսողության թեմաներով: Եթե գիտեք անգլերեն, շատ օգտակար կլինի, որ կարդաք օտար լեզուներին ու երաժշտությանը վերաբերող իմ գրած հոդվածը (“Hearken Unto This One Reason to Learn Foreign Languages”): Կան նաև վարժություններ, չնայած դրանք հայերեն չիմացող լսարանի համար են ստեղծվել 🙂

Քանի՞ օտար լեզու գիտեք, ի՞նչ լեզուներ եք ուզում սովորել: Մտածեք նաև տոնալ լեզուներ ուսումնասիրելու հնարավորության մասին (օրինակ չինարեն), որը նույնպես, երաժշտական գործիք նվագել սովորելու պես, կարող է օգտակար լինել «երաժշտականացվելու» գործընթացի համար:

Բանալիներ, նոտաներ ու օկտավաներ (ամփոփում)

Երաժշտական տարբեր գործեր նվագելու համար հաճախ գործածում ենք մեր երկու ձեռքը: Լավագույն օրինակը ստեղնաշարային գործիքներն են, ասենք դաշնամուրը: Ձախ ձեռքն ու աջը նվագում են միասին (սկսնակների դեպքում՝ նախ առանձին-առանձին):

Ձախ ձեռքի նոտաները բասի բանալու «թագավորության» մասն են կազմում, իսկ աջ ձեռքինը՝ սոլի բանալու:

Բաս բառացի նշանակում է ցածր: Այսինքն, սա էլ մեզ հուշում է, որ ստեղների վրա սոլի բանալիով նշում ենք բարձր, վերևի նոտաները, իսկ բասով՝ ցածր, ներքևի: Դաշնամուրը (այլ գործիքներ էլ) շատ նոտաներ ունեն, այսինքն մեզ արդեն հայտնի ութ նոտաները (և մի քանի այլ, «սև» նոտաներ, որոնց կծանոթանանք հետո) կրկնվում են: Այսինքն ստեղնաշարի վրա կա մի քանի «դո», մի քանի «ռե», ու էդպես շարունակ: Լավ դաշնամուրը պետք է ունենա 88 ստեղն (կամ նվագելու ընդհանուր 88 «նոտա»): Որպեսզի տարբերենք մի դո նոտան մեկ այլ դո նոտայից, դրանք նշում ենք թվերով, կամ հատուկ բառով, (օրինակ՝ «մեծ օկտավայի դո»): Էստեղ երկու հիմնական համակարգ կա, որ գործածության մեջ են (և մենք դրանց արդեն ծանոթացել ենք): Գիտական համակարգի դեպքում ստեղնաշարի առաջին դո կամ C նոտան նշվում է հենց որպես C1, երկրորդը՝ C2, և էդպես ըստ տվյալ դաշնամուրի նոտաների թվի: Որոշ դեպքերում դաշնամուրի ամենավերին (աջից ամենավերջին) նոտան կարող է լինել C8, այլ դեպքերում էլ դաշնամուրը կարող է վերջանալ այլ նոտայով, օրինակ՝ G7 (յոթերորդ սոլ նոտան):   piano ՄԻՆՉև C4 ՆՈՏԱՆ ՆՎԱԳՈՒՄ ԵՆՔ ՁԱԽ ՁԵՌՔՈՎ, C4-ից վեր՝ ԱՋՈՎ: Որոշ նոտաներ կարելի է նվագել և՛ ձախ, և՛ աջ ձեռքով (օրինակ հենց C4-ը, ու հիմնականում նրան հարակից նոտաները), ու ոչ մի երգահան դրա պատճառով ինքնասպանություն չի գործել դեռ 😉 Մյուս համակարգն անվանում են Հելմհոլցի համակարգ, որն ավելի շատ գործածում են «դո-ռե-մի» նոտային համակարգի հետ, և որով դաշնամուրի ու այլ գործիքների ամբողջ ստեղնաշարը բաժանվում է օկտավաների ըստ հետևյալ հերթականության. — կոնտրոկտավա, — մեծ օկտավա, — փոքր օկտավա, — առաջին օկտավա, — երկրորդ օկտավա, — երրորդ օկտավա (երբեմն դաշնամուրի վրա առկա է չորրորդ օկտավան):

Օկտավաներն ըստ Հելմհոլցի համակարգի

Օկտավաներն ըստ Հելմհոլցի համակարգի

Առաջին օկտավան կամ C4-C5 հատվածում ընկած նոտաները կարելի է նաև գտնել դաշնամուրի ոտնակների (պեդալների) համեմատությամբ, որովհետև պեդալներին զուգահեռ էլ գտնվում է առաջին օկտավան: Սկսնակները հիմնականում շփվում են առաջին օկտավայի հետ սկզբում (աջ ձեռքով), և C3-ից մինչև C5-ն ընկած տարածքն է, որ ամենահաճախն ենք լսում ու գործածում (կամ դրանից միքիչ ավել): notes   Ահա մի պարզ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, որով կարող եք ստուգել՝ լավ հասկացե՞լ եք նոտաները, թե՞ չէ. Եթե ունեք դաշնամուր կամ այլ հարվածային գործիք, փորձեք դրա վրա գտնել ու նվագել հետևյալ նոտաները. C4 — C4 — E4 — E4 — G4 — G4 — A4 — B4 — C5 — C5 — C3

Նորարար ու ստեղծագործ մոտեցում. լարին թառած մեղեդին

Երաժշտի (ու ընդհանրապես մարդու) երևակայությունը նրան թույլ կտա անել ամեն ինչ, անգամ անսպասելի բաներ, ասենք մեղեդի քաղել բնությունից կամ ագռավների հետ համահեղինակ դառնալ ու երաժշտական գործ ստեղծել 🙂

Թարմացում. ավելի ուշ համացանցում հայտնվել է հետևյալ տեսանյութը, որտեղ հեղինակն ավելի է զարգացնում իր գաղափարը, կենդանի կատարմամբ.