Բանալիներ, նոտաներ ու օկտավաներ (ամփոփում)

Երաժշտական տարբեր գործեր նվագելու համար հաճախ գործածում ենք մեր երկու ձեռքը: Լավագույն օրինակը ստեղնաշարային գործիքներն են, ասենք դաշնամուրը: Ձախ ձեռքն ու աջը նվագում են միասին (սկսնակների դեպքում՝ նախ առանձին-առանձին):

Ձախ ձեռքի նոտաները բասի բանալու «թագավորության» մասն են կազմում, իսկ աջ ձեռքինը՝ սոլի բանալու:

Բաս բառացի նշանակում է ցածր: Այսինքն, սա էլ մեզ հուշում է, որ ստեղների վրա սոլի բանալիով նշում ենք բարձր, վերևի նոտաները, իսկ բասով՝ ցածր, ներքևի: Դաշնամուրը (այլ գործիքներ էլ) շատ նոտաներ ունեն, այսինքն մեզ արդեն հայտնի ութ նոտաները (և մի քանի այլ, «սև» նոտաներ, որոնց կծանոթանանք հետո) կրկնվում են: Այսինքն ստեղնաշարի վրա կա մի քանի «դո», մի քանի «ռե», ու էդպես շարունակ: Լավ դաշնամուրը պետք է ունենա 88 ստեղն (կամ նվագելու ընդհանուր 88 «նոտա»): Որպեսզի տարբերենք մի դո նոտան մեկ այլ դո նոտայից, դրանք նշում ենք թվերով, կամ հատուկ բառով, (օրինակ՝ «մեծ օկտավայի դո»): Էստեղ երկու հիմնական համակարգ կա, որ գործածության մեջ են (և մենք դրանց արդեն ծանոթացել ենք): Գիտական համակարգի դեպքում ստեղնաշարի առաջին դո կամ C նոտան նշվում է հենց որպես C1, երկրորդը՝ C2, և էդպես ըստ տվյալ դաշնամուրի նոտաների թվի: Որոշ դեպքերում դաշնամուրի ամենավերին (աջից ամենավերջին) նոտան կարող է լինել C8, այլ դեպքերում էլ դաշնամուրը կարող է վերջանալ այլ նոտայով, օրինակ՝ G7 (յոթերորդ սոլ նոտան):   piano ՄԻՆՉև C4 ՆՈՏԱՆ ՆՎԱԳՈՒՄ ԵՆՔ ՁԱԽ ՁԵՌՔՈՎ, C4-ից վեր՝ ԱՋՈՎ: Որոշ նոտաներ կարելի է նվագել և՛ ձախ, և՛ աջ ձեռքով (օրինակ հենց C4-ը, ու հիմնականում նրան հարակից նոտաները), ու ոչ մի երգահան դրա պատճառով ինքնասպանություն չի գործել դեռ 😉 Մյուս համակարգն անվանում են Հելմհոլցի համակարգ, որն ավելի շատ գործածում են «դո-ռե-մի» նոտային համակարգի հետ, և որով դաշնամուրի ու այլ գործիքների ամբողջ ստեղնաշարը բաժանվում է օկտավաների ըստ հետևյալ հերթականության. — կոնտրոկտավա, — մեծ օկտավա, — փոքր օկտավա, — առաջին օկտավա, — երկրորդ օկտավա, — երրորդ օկտավա (երբեմն դաշնամուրի վրա առկա է չորրորդ օկտավան):

Օկտավաներն ըստ Հելմհոլցի համակարգի

Օկտավաներն ըստ Հելմհոլցի համակարգի

Առաջին օկտավան կամ C4-C5 հատվածում ընկած նոտաները կարելի է նաև գտնել դաշնամուրի ոտնակների (պեդալների) համեմատությամբ, որովհետև պեդալներին զուգահեռ էլ գտնվում է առաջին օկտավան: Սկսնակները հիմնականում շփվում են առաջին օկտավայի հետ սկզբում (աջ ձեռքով), և C3-ից մինչև C5-ն ընկած տարածքն է, որ ամենահաճախն ենք լսում ու գործածում (կամ դրանից միքիչ ավել): notes   Ահա մի պարզ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, որով կարող եք ստուգել՝ լավ հասկացե՞լ եք նոտաները, թե՞ չէ. Եթե ունեք դաշնամուր կամ այլ հարվածային գործիք, փորձեք դրա վրա գտնել ու նվագել հետևյալ նոտաները. C4 — C4 — E4 — E4 — G4 — G4 — A4 — B4 — C5 — C5 — C3

Վակաժի գործնական մեթոդը

Նիկոլո Վակաժը կամ Վակայը (1790 — 1848) իտալացի կոմպոզիտոր էր և երգեցողության ուսուցիչ:  1832-ին նա գրում է իր Metodo pratico de canto (Գործնական երգեցողական մեթոդ) գործը: Այս գործը ցայսօր էլ շարունակում է մնալ շատ տարածված տարբեր շրջանակներում:

Ինչպես Վակայն ինքն է գրում, մեթոդը հատկապես օգտակար է սիրողական երաժիշտների համար, ովքեր չեն սիրում մոնոտոն վարժություններ կատարել երկար ժամանակ, սակայն ցանկանում են կատարելագործել իրենց երաժշտական կարողությունները: Ինչևէ, նա նաև նշում է, որ աշխատությունն օգտակար կլինի ցանկացած երաժշտի՝ անկախ նրա գիտելիքների մակարդակից:

vaccaj

Գիրքը թարգմանվել է անգլերեն, և գրքի հետ հասանելի է նաև ձայնային գրադարան:

Յուրաքանչյուր վարժության հետ միասին հեղինակը տալիս է նկարագրություն և ցուցումներ առ վարժությունների ճիշտ կատարում:

Հասանելի են գրքի տարբեր հրատարակություններ, որոնց վերահրատարակող մասնագետները Վակայի մեկնաբանություններից զատ ավելացնում են սեփական մեկնաբանությունները:

Օրինակ Մարկ Պրոբերտն իր տարբերակում նշում է. «Իմ նպատակն է Սինյոր Վակաժի մանկավարժական աշխատությունը դարձնել հասանելի բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան այն գործածել»:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ. Գամմա

(իտալերեն՝ La Scala)

 

Վակայը գրում է. «Այս առաջին դասի համար վանկերը բաժանված են անսովոր ձևով, որպեսզի հնարավորինս փոխանցեն այն գաղափարը, թե ինչպես է պետք արտասանել երգելու ընթացքում. ինչպես շահարկել մեկ կամ ավել նոտաների երկարությունը՝ օգտագործելով ձայնավորները, բաղաձայնները կապելով հաջորդիվ եկող ձայնավորին: Սա ուսանողին նաև կօգնի սովորել երգել լեգատո (կապակցված ձևով), մի բան, որը հեշտությամբ հնարավոր չէ սովորել, այլ՝ լավ ուսուցչի կողմից տրվող ձայնային օրինակներին հետևելով»:

Սովորաբար վանկերն այսպես են բաժանվում. Man-ca sol-le-ci-ta, Վակայն այս վարժության մեջ դրանք բաժանել է այսպես. Ma-nca so-lle-ci-ta, որպեսզի ձայնավորները կպնեն միմյանց, և բաղաձայնները «չանջատեն» ձայնավորների հոսքը վանկերի վերջում:

Մեկ այլ մասնագետ իր կողմից ավելացնում է. «Արիետայի ֆրազները պետք է երգել Ադաջիո (դանդաղ), և ուսանողը պետք է շունչ վերցնի միայն այն հատվածներում, որտեղ հանգստի նշան է դրված: Ամենաբարձր նոտաներին մոտենալիս պետք է փորձել բերանակոկորդային ապարատը պահել հնարավորինս անշարժ և հանգիստ, որպեսզի ձայնը շարունակի դրված մնալ շնչառության վրա»:

Առաջին վարժությունը կարող եք լսել և ինքնուրույն կատարել այստեղ՝ պատուհանի ձախ կողում Voice range-ը հարմարացնելով ձեր ձայնին: