Գ. Արտասանություն, ձայնավորներ, բաղաձայններ, անգլերեն բառեր

 Բոլոր այս խորհուրդները բերվում են Ջ. Քրոուեսթի «Խորհուրդներ երգիչներին» գրքից: Գիրքը հրատարակվել է քսաներորդ դարի սկզբին, Մեծ Բրիտանիայում:

Երգեցողության մեջ արտասանություն և «բառեր» սովորելու, և այլնի մասին

.81

Երգիչը պետք է համադրի երաժշտական, բանախոսական և, որոշ չափով, դերասանական արվեստները: Արտասանության մաքրությունը և շեշտադրության ճշտապահությունը ներառված են այս ուսումնառության շարքերում: Սրանք ձեռքբերելն այնքան հեշտ չէ, ինչպես շատ անհատներ են ենթադրում: Նորեկը հեշտությամբ արտասանությունը դարձնում է պակաս հստակ և բնականից ավելի արագ, շնորհիվ գրեթե անխուսափելի նյարդայնության, որն անբաժանելի է այն դրությունից, որում մենակատարը հայտնվում է հանրության մեջ, կամ այն լսարանի առջև, որի համար նա երգում է: Նրա ականջը նրան ուղեկցում է պակաս անտվանգ ձևով. իրականում, բոլոր զգայարանները, ազդվելով իր նյարդերի աննորմալ վիճակից, իրեն ծառայում են քիչ թե շատ կեղծ ձևով: Միայն մանրակրկտորեն սովորելով և ձևի, կեցվածքի ու խոսքի մանրամասներում, ինչպես նաև բեմադրվող երաժշտության մեջ վարպետանալով է, որ երգիչը կարող է իր նյարդերի դավաճանությունից վեր կանգնել, ինչպիսի ձևով էլ որ այդ դավաճանությունը փորձի արտահայտվել:

Նյարդայնություն

Մի քանի բառ նյարդայնության մասին: Հաճախ կլսեք՝ ինչպես են որոշ անհատներ իրենց գլուխները գովում, թե իրենք շատ չեն նյարդայնանում հանրային տարածքում, և գուցե նախանձեք նրանց: Միանգամից ձերբազատվեք նման ցանկացած կարծիքից: Եթե «նյարդային» ասելով ի նկատի ենք առնում «վախեցած», դա այլ բան է, և կատարելապես ճիշտ է, որ կան հարյուրավոր անհատներ, ովքեր հանրության առջև դուրս գալիս շատ չեն վախենում, հայտնվելիս ամաչկոտ չեն երևում: Բայց վախը նյարդայնության միայն մեկ ձև է:

Ես հաստատորեն հավատում եմ, որ իրական արտիստի համար անհնար է երբևէ հանդես գալ հանրության առջև առանց նյարդայնանալու: Բայց նյարդերը գործում են տարբեր ձևերով. վայելչախոս հռետորի կիրք, ով տարվում է իր թեմայով, ընտիր դերասանի «լքվածություն», ով ամբողջապես իր դերի մեջ է մտնում և իրեն նույնացնում կերպարի հետ, պերճախոս երգչի տոկուն էներգիա, ծաղկուն սոպրանոյի անսխալ և անբիծ ճարտարություն, ով իր ունկընդիրներին շլացնում է կատարման հրաշագործություններով քայլ առ քայլ… այս ամենը, իր նուրբ հմայքով, նյարդայնության շնորհիվ է լինում, այսինքն՝ ակտիվ խաղում նրբագեղ նյարդային կազմակերպվածությամբ: Այս արտիստները վախեցած չեն, ճիշտ է, բայց՝ հուզված են, ոգևորված են, գրգռված են, դուրս են ուտելու, քայլելու և քնելու իրենց սովորական վիճակից. հոգևոր մի բան նրանց մեջ բռնկում է սոսկ ֆիզիկական ուժ, ոգեշնչման մի շունչ պահում է այդ ապրող զորությունը, որն այդպես ազդում է ունկընդիրների վրա: Այս կամ այն ձևով, ամեն մեծ արտիստ միշտ նյարդային է. եթե այդպես չլիներ, նրանց զորության հիմքը կանհետանար:

Նյարդերը գործում են տարբեր ձևերով. վայելչախոս հռետորի կիրք, ընտիր դերասանի «լքվածություն», պերճախոս երգչի տոկուն էներգիա, ծաղկուն սոպրանոյի անսխալ և անբիծ ճարտարություն…

Սառը և սառնարյուն բնույթի անհատներին պակասում է արվեստի հենց կենսաշունչը, և չնայած նրանք կարող են ինքնակրթվել՝ նմանակելով մեծ արտիստներին, դա ընդհանուր առմամբ հեշտությամբ կբացահայտվի, իրոք նրբազգաց ունկընդրի կողմից, որպես նմանակում, և ոչ որպես բնագիր:

Ուստի մի ամաչեք ընդունել, որ նյարդային եք, եթե այդպես է: Նյարդը դաժան տեր է, բայց՝ ընտիր ծառա. փոխարեն թույլ տաք, որ հաղթի ձեզ, ստիպեք, որ կատարի ձեր պահանջները, և կբացահայտեք, որ «վախ» նշանակելու փոխարեն «նյարդայնությունը» նշանակում է քաջություն և զորություն, որպեսզի հնարավորինս լավ ձևով հանդես գաք:

Picture1

Ուսումնասիրեք արրտասանության ճշգրտությունը և շեշտադրության պատշաճությունը երգելուց բավականին զատ: Հիշեք, որ մեծ լսարաններում և բազմաթիվ մարդկանց համար խոսելիս կամ երգելիս ամեն ձայն պետք է ունենա ոչ միայն լրացուցիչ ուժ, այլև՝ լրացուցիչ ուժգնություն: Եվ դա նշանակում է, որ երգվող բառերի մեջ ամեն ձայնավորը պետք է ուժգնանա, և ամեն բաղաձայն առաքվի առավել մեծ ճշգրտությամբ, քան դա հարկավոր է սովորական ձևով խոսելիս: Եթե երգելիս (օրինակ) «մահանալ» (“die”) բառն արտասանեիք ուղղակի այնպես, ինչպես դա խոսելիս եք անում, դուք այդ նոտաների վրա կարտաբերեիք ամենաբարակ տոնը, որը շատ տգեղ կլիներ, և այն հավանաբար հեռու չէր «գնա»: Եվ նույնը ցանկացած (անգամ «ա» [Ah] կամ «օ» [Oh]) ձայնավորի դեպքում, որի դեպքում չնայած բարակ տոն չէր արտադրվի, այն հաստատորեն կհնչեր կոշտ, եթե երգեիք հենց այնպես, ինչպես այն արտասանում եք խոսելիս:

Ձայնավորներ

Այս չնչին փոփոխության անհրաժեշտության պատճառը հետևյալն է: Յուրաքանչյուր ձայնավոր, ինչպես ցանկացած երաժշտական ձայն (քանզի ձայնավորները ոչ այլ ինչ են քան երաժշտական ձայներ) կազմված է երկու ձայներից: Միանալով առաջնային և գլխավոր ձայնին, որը նախապես լսում է ականջը՝ գալիս է երկրորդը, որը, չնայած առաջնային չէ, մյուս ձայնին տալիս է սրություն և ուժ: Այսպիսով մեր անգլերեն «Ա» [“A”] ձայնավորն իրականում Է-յ է, «Ի»-ն [“I”] Ա-յ է, «Օ»-ն  [“O”]՝ Օ-ու, անգամ՝ Ը-ու (Aw-oo), «Ու»-ն [“U”]՝ Ի-յու: Իհարկե, ի նկատի չունեմ, թե անհեթեթ թվացող այս վանկերն իրականում արտահայտում են հենց այն ձայները, որոնք մենք արտաբերում ենք ձայնավորներ արտասանելիս, քանզի տառերի որևէ համադրություն չի կարող դա անել, ոչ էլ կարող է աչքին տեսանելի դարձնել մարդկային խոսքի մեջ եղող ձայնի նրբությունները: Բայց եթե փորձեք արտաբերել այս վանկերը, կտեսնեք, որ իրականում արտաբերում եք այն վանկերը, որոնք ես «թարգմանեցի» ձեզ համար:

Յուրաքանչյուր ձայնավոր (անգլերեն լեզվում) կազմված է երկու ձայնից

Խոսելիս, սովորական, թե արագ, ձայնավորի ստորադաս ձայնը գրեթե աննկատ է, այնինչ առաջնային ձայնը լսվում է կարճ ժամանակում: Բայց երգելիս կամ բանախոսելիս, երբ տոնի արտադրությունն ավելի նպատակային է, իսկ այն տարածքը, որը պետք է ձայնով լցնել՝ ավելի մեծ, կամ, այլ խոսքերով ասած՝ օդի սյունը, որ պետք է տատանվի ավելի մեծ ու ծանր է, ձայնավորի բարդ (համալիր) ձայնը չպետք է անտեսվի:

Անհնար է կանոնների ցանկացած շարան գրել, որոնց շնորհիվ ուսանողը կկարողանար հաղթահարել այս  բարդությունը: Բայց ամեն մեկը, հիշելով այս կետի նկատմամբ ուշադրության կատարյալ պահանջը, կարող է հեշտորեն վարժվել արտասանության թեթևակի փոփոխությանը (ինչպես սկզբում կթվա), որը որ անհրաժեշտ է անել ձայնավորները երգելիս կամ “ore rotundo” (բարձրաձայն, hռետորաբար) լսողի համար նույն տոնով արտասանելիս, ինչպես որ այն լսվում է սովորաբար խոսելիս:

Սովորաբար սա արվում է կոկորդն ավելի բաց պահելով, խռչակը (կամ «Ադամախնձորը») հնարավորինս ցածր պահելով, և լեզվի արմատը՝ տափակ, հանգիստ, անգամ գդալի պես կոր պահելով: Այս ամենի ճշմարտացիությունը կարող է փորձարկվել՝ երգելով ցանկացած կարճ հատված, մտածված և հստակորեն, սովորաբար խոսելիս օգտագործվող արտասանությամբ, իսկ հետո այդ հատվածը կրկնել՝ ուշադրություն դարձնելով վերևում տրված հուշումներին: Սկզբում արդյունքը կլինի չոր ու ցամաք, չափավոր հեռավորությունից դժվար լսելի, և հավանաբար՝ լսողի համար խիստ անհեթեթ: Երկրորդ փորձի ժամանակ կզգաք, որ նոտաների տոնն ավելի է կլորանում և ամբողջանում, իսկ բառերը հստակորեն լսվում են սենյակի բոլոր մասերում իրենց հստակ ուժով: Ես մտածված կերպով խուսափում եմ այդպես երգվող բառերի նշմարելի տարբերությունների մասին գրելուց, որովհետև, ինչպես արդեն ասացի, տառերը չեն կարող ճշգրտորեն արտահայտել այդ աստիճան նուրբ տարբերությունները, որոնք ինչևէ այդ աստիճան կարևոր են երգչի, խոսողի և լսողի համար:

Բաղաձայններ

Բաղաձայններ արտասանելիս դրանցից յուրաքանչյուրն ընդգծեք այնքան, ինչքան որ պետք է, բայց առանց չափազանցացնելու: Հատկապես ուշադիր ձևով ամեն բառի վերջին տառը հստակորեն արտասանեք: Բայց ավելորդ աննշմար ձայն (օրինակ հայերեն ը ձայնը) մի ավելացրեք վերջին տառից հետո: Օրինակ, մի ասեք «Երբ այլ-ը շուրթեր» կամ «լուսավոր-ը օրեր» և այլն: «Հ» տառն արտասանելիս ավելորդ օդ մի ավելացրեք: «Ն», «Լ», «Մ», «Բ», «Պ» և «Վ» տառերը բոլորն էլ պետք է հստակորեն արտասանել:

Հատկապես ուշադիր ձևով ամեն բառի վերջին տառը հստակորեն արտասանեք


Խուսափեք որպես նախածանց թեթև «Ն» ձայն ավելացնել բառերին կամ երգի հատվածին: Սկսնակները հաճախ են սա անում, և նրանք դա հաճախ անում են առանց գիտակցելու: Այն արտաբերվում է որոշ տեսակի նյարդային զգացողությամբ, երբ ատամներն ու լեզուն միասին են, կարծես համոզվելու համար, որ ամեն ինչ լավ է մինչև սկսելը: Ես լսել եմ, թե ինչպես խոստումնալից երիտասարդներ երգել են այսպես. «Նսահեցրեք նրան Նհրեշտակներ Ներկնքի միջով» (“Nwaft her Rangels Nthrough the sky,”), և այլ դեպքեր:

10 english words


Անգլերեն լեզուն աշխարհի բոլոր լեզուներից երգեցողության համար ամենահարմար լեզուն չէ: Ինչևէ, այն ոչ էլ այն աստիճան անտանելի է կամ անհարմար, ինչպես որ այսօր ասում են: Հին Գրերի մեծ հատվածները, որոնք Հենդելը, Մենդելսոնը և այլոք երաժշտությանն են համադրել, վկայում են ասվածի օգտին: Այնուամենայնիվ, երաժշտական խնամք է հարկավոր, երբ երգում ենք անգլերեն լեզվով, հատկապես շչական կամ սուլական հնչյուններ, օր՝ S և C արտասանելիս:

Այս «շչականներն ու սուլականները» երբեք չպետք է արտաբերվեն արագորեն, հակառակ դեպքում դրանց տգեղ արդյունքը կլսվի որպես ֆշշոցների շարան: Ուստի, սովորեք անգլերեն բառերում այս տգեղ ներգործություններից խուսափել, և նման ձայներն արտաբերել դանդաղորեն և զգուշորեն՝ նպատակ ունենալով արտասանել փափուկ և հաճելի հնչյուն, քանի որ իրոք աններելի է ունկընդրել անգլիացի երգչի, ով չի կարողանում կատարելությամբ մատուցել իր հայրենիքի երգերի և բալլադների բառերը (եթե ոչ երաժշտությունը):

Բ. Երգիչների համար. կենսակերպ, վարքագիծ, բարոյականություն

Բոլոր այս խորհուրդները բերվում են Ջ. Քրոուեսթի «Խորհուրդներ երգիչներին» գրքից: Գիրքը հրատարակվել է քսաներորդ դարի սկզբին, Մեծ Բրիտանիայում:

ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԻ, ՍՆՆԴԱԿԱՐԳԻ և ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ:

Հետևյալ պարբերությունները պարունակում են հուշումներ տարբեր թեմաների շուրջ, որոնք ակնհայտորեն շատ կապ չունեն երգեցողության հետ, ինչևէ քիչ թե շատ կարևոր են երգչի համար: Ձայնը և այն գործածելու զորությունն այնքան են կախված ընդհանրապես առողջությունից, իսկ առողջությունն այնպես հեշտորեն է ենթարկվում սովորույթներին, որ ես առանց համեստության կխոսեմ այնպիսի մանրամասների մասին, որոնք գրելը և գրված լինելիս հետո ընթերցելը բավականին հեշտ է, այնինչ դժվար կլիներ ուսուցչի համար առանց ուսանողին վիրավորելու դրանց մասին խոսելը:

Վաղ արթնանալ

Սովորեք վաղ արթնանալուն, և եթե հնարավոր է, կարճ զբոսանք կազմակերպեք մինչև նախաճաշելը: Սա արյան շրջանառությունը պահում է լավ վիճակում, և դա, իհարկե, խիստ կարևոր է թոքերի և բոլոր այն օրգանների համար, որոնք երգեցողության մեջ ներգրավվում են ուղղակիորեն:

Մաքրապահություն

Խստաշունչ մաքրապահությունը մեծագույն կարևորություն ունի: Ամեն առավոտ արթնանալուն պես ընդունեք սառը ցնցուղ: Դես ու դեն մի ընկեք, այլապես կմրսեք, այլ ուղիղ գնացեք բաղնիք քանի դեռ մաշկը խոնավ է քրտինքով, որը պատճառել է անկողնի տաքությունը: Եթե թույլ տաք, որ քրտինքը չորանա և դրանից հետո սառը ջրի տակ կանգնեք, կարող եք ուժգնորեն մրսել: Ձեր մարմինը լավ ու արագ շփեք ամբողջությամբ, հատկապես կուրծքը, կոկորդը, պարանոցի ետնամասը, և մեջքի ստորին հատվածը: Մարմինը լավ ու արագորեն չորացրեք կոշտ սրբչով: Թող որևէ երիտասարդ աղջիկ չվախենա դեմքի գույնն այս շատ առողջարար և անհրաժեշտ միջոցառմամբ փչացնելուց:

Խստաշունչ մաքրապահությունը մեծագույն կարևորություն ունի:

Ձմռանը, եթե արյան շրջանառությունը բնականորեն դանդաղ է, լոգանքը կատարելապես սառը ջրով չպետք է արվի, այլ ավելացվի տաք ջուր այնքանով, որ խիստ սառնությունն անցնի: Լոգանքը պետք է թվա, թե սառն է, չնայած շատ սառը չպետք է լինի:

Լավ է գոլ լոգանք ընդունել շաբաթը մեկ (եթե դա հնարավոր է) անգամ, անկողին մտնելուց առաջ: Այն տաք չպետք է լինի, այլ՝ գոլ, և իհարկե սապոն օգտագործեք: Շատ մի երկարացրեք գործընթացը, և ավարտին պես միանգամից անկողին մտեք: Եթե զգաք, որ այն ուժասպառ է անում կամ թուլացնում է, հաջորդ անգամ պակաս տաք արեք այն: Նպատակն ուղղակի մաշկի ծակոտիները բաց անելն է, որը մեծ կարևորություն ունի:

3 մազեր

Խիստ մաքրասիրության նույն կանոնը վերաբերում է նաև մազերին. մազերը ուղիղ կապ ունեն արյան շրջանառության և մարմնի ծակոտիների հետ: Մազերը լավ սանրեք, և դրանք հաճախ կտրեք և շամպունով լվացեք: Խուսափեք հոտավետ քսուքներից և ամեն տեսակի յուղալի հեղուկներից. դրանց բույրն առարկելի է, իսկ գործառույթն է ընդհանուր առմամբ կեղտոտել գլուխը: Ավելին, հանրությունը կարողանում է տեսնել, երբ արտիստն ակնհայտորեն «անպատրաստ» (անմաքուր) է: Այն անհատը, ով սովորաբար հնարավորինս չափ կոկիկ է, երբեք չպետք է վախենա հանրությանը ներկայանալիս, և իր գլուխը կարող է փրկել կոկիկ թվալու համար «յուղի» զզվելի գործածումից:

Եթե բեղ եք պահում, այն խնայեք, և մի թույլ տվեք, որ այն բերանը ծածկի, որի դեպքում այն կազդի ձայնի տոնի վրա: Այն հենց շուրթի վերևում մի կտրեք, այլ ձախ և աջ բացեք՝ թույլ տալով, որ այն աճի բնական հունով և այդ հատվածում չլինի չկտրված: Բեղերն ունեն երկու առավելություն. որոշ չափով նրանք գործում են որպես շնչադիմակ և պաշտպանում են բերանն ու կոկորդը, ինչպես որ թարթիչը պաշտպանում է աչքը, և այն թույլ է տալիս երգելիս թաքցնել բերանի ձևի թեթև աղավաղումը: Սա, խոստովանում եմ, կասկածելի առավելություն է. որևէ աղավաղում չպետք է լինի, և եթե կա, գուցե պետք է ուղղվի: Ինչևէ, ես նշում եմ, թե ինչպես այն կարող է լինել օգտակար:

Ատամներ

Ատամներն այնքան կարևոր դեր են կատարում ձայնարտադրության գործում, որ ամեն ձևով պետք է դրանք առողջ ու լավ պայմաններում պահել, էլ չնշեմ, թե ինչ դեր են դրանք կատարում դիմային արտահայտչականության համար. մի կետ, որի նկատմամբ յուրաքանչյուր երգիչ պետք է ուշադիր լինի: Ատամների վատ վիճակը միանգամից ազդում է ստամոքսի վրա, իսկ դա՝ ձայնի, ուստի որևէ անհարմարություն չկա ուսանողի ուշադրությունն այս խնդիրն հրավիրելու գործում: Ատամները մաքրեք արթնանալուն պես առավոտյան, և քնելուն պես գիշերով: Օգտագործեք չափավոր կոշտ խոզանակ, ավելի լավ է շատ փափուկ, քան՝ շատ կոշտ, սառը, իսկ ավելի լավ է՝ գոլ ջրով: Խուսափեք ամեն տեսակի ատամնափոշիներից և «անուշահոտ» ողողումներից: փոշիացրած (ոչ «պատրաստի») կավճի և մանուշակի արմատների խառնուրդը, երեքը երկուսին համամասնությամբ, լավագույն բանն է օգտագործելու համար, և ցանկացած դեղագործ դա ձեզ համար կպատրաստի:

Ատամների վատ վիճակը միանգամից ազդում է ստամոքսի վրա, դա էլ՝ ձայնի:

Հիշեք ատամները մաքրել նաև ներսից և մաքրել նաև վերևի ատամները, ինչպես նաև դրսից, և եթե սա բարդ է անել սովորական ձև ունեցող խոզանակով, գնեք այլ ձևի խոզանակ: Եթե, չնայած հոգատարությանը, հանկարծ ատամների գույնն ընկնի, պատճառը հավանաբար ստամոքսի հետ խնդիրներն են: Այդ դեպքում միանգամից բժշկի գնացեք, քանզի նման խանգարման հետևանքն այն է, որ ատամների վրա առաջանում են ատամնաքարեր, և դրանք շատանում են, լնդերի վրա են ազդում՝ փոխելով բերանի խոռոչի ձևը, և ուստի ազդում ձայնի տոնի վրա:

5 մարզում

Ինչքան կարող եք շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդին: Չափավոր քայլելով մարզվեք, բայց իհարկե ինքներդ ձեզ մի հոգնեցրեք երգելուց կամ փորձից առաց: Արական սեռի երգիչների համար ընտիր են թիավարումը, ձիավարությունը, ֆուտբոլը և կրիկետը (բայց առանց բղավելու այդքան հաճախ, ինչը բնորոշ է այս խաղերին), սեղանի թենիսը և ամենից շատ շաբաթական մեկ կամ երկու ժամ մարզասրահում անցկացնելը: Տիկնանց համար էլ քայլելը, ձիավարությունը, թենիսը և ռիթմիկ գիմնաստիկան հավասարապես օգտակար են:  Եթե դուք ապրում եք ոչ մեծ քաղաքում, միշտ քայլեք տեղափոխման այլ միջոցներից օգտվելու փոխարեն, երբ օրվա ժամն ու եղանակը հարմար են:

Քայլելիս երբեք մի շնչեք ձեր բերանով, հատկապես գիշերը, կամ երգելուց հետո բնության գիրկ դուրս գալիս: Շուրթերը փակ պահեք, և օդը քաշեք քթանցքների միջով: Սա հեշտ է սովորել, և սա անել կարողանալու դեպքում երգելիս շնչառությունն ավելի լավ կաշխատի: Բայց դրսում գտնվելիս ամենակարևոր բանն է կանխել սառը կամ խոնավ օդի հպումը կոկորդի նուրբ օրգաններին, հատկապես երբ վերջիններս երգելու հետևանքով գրգռված են: Սա վտանգավոր է: Լավ գաղափար է, և ժամանակի առումով էլ օգտավետ, շնչառական վարժություններ անել քայլելիս՝ թոքերն օդով լցնելով և այդ օդը հնարավորինս երկար արտաշնչելով:

Հագուստ

Ոչ մի լավ բան չենք կարող ասել երգելու համար մեր կլիմայի անբարենպաստության կապակցությամբ: Պատշաճ նախազգուշության ցուցաբերման դեպքում, ինչևէ, դրա հետևանքով բազմաթիվ բարդություններ կարող են կասեցվել: Ամռանը, ինչպեսև ձմռանը, օրինակ, հեղինակը խստորեն կքաջալերի չափավոր հաստ կոշկատակերով կոշիկներ կրելը: Եվ, նորից, պարանոցն ու կրծքավանդակը երբեք չպետք է բաց լինեն հունիսյան արևի և դեկտեմբերյան ցրտի համար: Փոխարենը դրանք պետք է չափավոր ձևով ծածկված լինեն: Պետք է աշխատել երբեք չթացանալ, հատկապես չթացացնել կամ խոնավացնել ոտքերը:

Տաք սենյակներից բաց տարածքներ դուրս գալիս պետք է կրծքավանդակն ու կոկորդը փակ պահել վերարկույով կամ թիկնոցով, ինչքան էլ եղանակը տաք լինի: Խիստ ցրտաշունչ ձմեռային եղանակին երգիչը բավականաչափ հարմարավետություն կբացահայտի՝ կրելով կուրծքը պաշտպանելու համար նախատեսված բրդից կամ բամբակից պատրաստված հագուստ: Այգիներում և բաց տարածքներում երեկոներին և անգամ շատ տաք օրերին ժամանակ անցկացնելն իր արվեստի ետևից սլացող ուսանողի համար ամենաապահով նախաձեռնություններից չէ:

Մեկ այլ հարկավոր նախազգուշացում, ինչևէ, կապված է «փաթեթավորվելու» հետ: Չափից շատ հագուստ մի կրեք: Կոկորդն անընդհատ հագուստով փաթաթած պահելու դեպքում այն դառնում է փխրուն և դյուրազգաց: Միայն պետք է վախենաք խոնավ, ոչ սառը եղանակից: Կոկորդի համար հատուկ նախատեսված ծածկոցներն առաջացնում են քրտինք, և մրսելու ռիսկն ավելի է մեծանում դա հեռացնելիս, քան դա ընդհանրապես չկրելիս: Ողջախոհությունը պետք է առաջնորդի յուրաքանչյուրին: Անհնար է կանոն գրել բոլորի համար:

Սննդակարգ

Ինչ վերաբերում է սննդակարգին, խուսափեք այն ամենից, ինչն անմարսելի է: Լավ կյանք վարեք, և բազմազան սնունդ ընդունեք: Երգչի համակարգը (մարմինը) պետք է լավ սնուցվի: Շոկոլադն ու սուրճն ավելի լավ են, քան թեյը. վերջինս չափազանց տպիպ (կպչուն) է և չափազանց ուժեղ է ազդում նյարդերի վրա, եթե շատ խմեք: Շաքարը, չափավոր, պետք է միշտ օգտագործվի այս ըմպելիքների հետ, որոնք չափազանց տաք վիճակում չպետք է ըմպել: Թարմ հացն ավելի լավ է, քան բովածը (տոստ արած), բայց խուսափեք նորաթուխ կամ տաք հացից: Ձու և կարագ օգտագործելը լավ է: Միսը պետք է պարզ վիճակով եփվի, և չեփվի չափազանց: Խոզի միսը մարսողության վրա ծանր է նստում, որպեսզի երգչի համար ցանկալի սնունդ լինի, և նույնը կարելի է ասել հորթի մսի մասին: Երգչի համար ձուկը լավ է, և հնարավորության դեպքում այն պետք է դառնա նրա սննդակարգի ամենօրյա մաս: Սերուցքներն ու խմորեղենն ուղղակի թույն են, իսկ պանիրը պետք է ուտել միայն խիստ սահմանափակ չափաբաժիններով: Միրգն ընտիր բան է, եթե խելամտորեն օգտագործվի: Բայց այս դեպքում, կրկին, հստակ և արագ կանոններ թելադրելն անհնար է, որովհետև (մարդկանց) մարմինների կերտվածքները տարաբնույթ են: Միայն հիշեք հին ասացվածքը.

«Մենք պետք է ուտենք ապրելու համար, ոչ թե ապրենք ուտելու համար»

Երբեք մի պարապեք կամ երգեք դատարկ ստամոքսով, կամ սնունդ ընդունելուց անմիջապես հետո: Երկու դեպքում էլ անմտորեն կծանրաբեռնեք ձեր մարսողական օրգանները, և այդպիսով վնաս կհասցնեք ձեր ձայնին: Սնունդ ընդունելուց հետո ստամոքսին պետք է գալիս մարմնի ողջ էներգիան. առողջ մարդու մոտ սովորաբար վերջույթները կսառեն կշտանալուց հետո, իսկ դրա պատճառն այն է, որ մարսողական օրգաններն օգտագործում են ողջ ջերմությունն ու արյունը, որը մարմինը կարող է տալ իրենց հատուկ աշխատանքի նպատակով: Բնությունն այսպիսով մյուս օրգաններին այդ պահին հանգիստ է տալիս, և չպետք է պայքարեք Բնության դեմ՝ փորձելով կիրարկել այնպիսի խստապահանջ ֆիզիկական լարվածություն, ինչպիսին որ ձայնային պարապմունքներն են պահանջում:

Բոլոր թթուներն ու կպչուն նյութերը վատ են առողջ կոկորդի և ստամոքսի համար:  Քացախից, խիստ բուրումնավետ համեմունքներից (սոուսներից), նուշեղենից ու չամիչներից, ամեն տեսակի ընկուզեղենից պետք է խուսափել: Սրանցից որոշներն օգտակար են որպես դեղեր հանգիստ վիճակում գտնվող կոկորդի համար, նաև կոկորդի արյունախառնման դեպքում, անկասկած: Բայց ես ուղղակի խոսում եմ այն մասին, թե ինչ է անհրաժեշտ առողջ վիճակում գտնվող մարդուն: Մրսածության, խռպոտության կամ ցանկացած տեսակի տկարության դեպքում իմ դեղատոմսն է. «Ինքնաբուժությամբ մի զբաղվիր, այլ (ինչպես Աբերնեֆթին է ասել) «խորհուրդ փնտրիր»»:

Շատ զգույշ եղեք նաև չափավոր ալկոհոլի օգտագործման հարցում: Բրենդին հաստատապես վնասակար է, այն տաքացնում և բորբոքում է կոկորդը, նաև փորկապություն է առաջացնում: Ջինը կամ վիսկին ամենաողջամիտ խմիչքներն են, բայց երկուսից էլ խմեք հնարավորինս քիչ: Եթե գարեջուր կամ ստաուտ (թունդ պորտեր) եք օգտագործում, վերցրեք չֆիլտրածը, և ոչ թե շշովը, և միշտ շատ չափավոր: Ցանկացած տեսակի թշշացող հեղուկ գործածելն առարկելի է, ուստի խուսափեք շամպայնից, Մոզելից, շշալցված էլից և ստաուտից, et hoc genus omne (և նման այլ ցանկացած բանից). Պորտվեյն և խերես (շերի) կոչվող հեղուկները երգեցողության դաժան թշնամիներն են: Լավ պորտվեյնի մի բաժակը հստակ դեպքերում լավ դեղամիջոց է, և նույնը կարելի է ասել շատ չոր Ամոնտիյադոյի մասին, բայց եթե ձեզ հետ ամեն ինչ լավ է, խուսափեք պորտվեյնից և (այսպես կոչված) շերիից, հատկապես ալկոհոլի և «դարչնագույն» շերի անունով հայտնի հատուկ օշարակների խառնուրդից, քանի որ կթունավորեք ինքներդ ձեզ:

Երգիչների համար լավագույն խմիչքը բորդորն է, կամ ցանկացած թեթև գինի՝ ֆրանսիական, գերմանական կամ իտալական: Ես ինքս գտնում եմ, որ վերջինը լավագույնն է, և Բարոլո Սեկոյի (Barolo Secco) կամ Շիանտեի (Chianté) պես գինիներն անարատ են և էժան, և պարունակում են երգչին անհրաժեշտ խմիչքի բոլոր հատկանիշները: Բայց ինչպես միշտ, այս դեպքում էլ չափավորությունը sine quâ non (անհրաժեշտ) է: Հեղուկները հեշտությամբ արյունախառնում կամ լորձ են արտադրում կոկորդում և բերանի գեղձերի վրա, և դա իհարկե ընդհարվում է երգելու գործում ներգրավված մկանների ազատ գործողությունների հետ:

Ծխելը

Որպես ընդհանուր կանոն, կարելի է հստակեցնել, որ ծխելը վատ սովորույթ է երգչի համար՝ արու թե էգ (քանի որ կան նաև կանայք, ովքեր մեր օրերում հպարտանո՛ւմ են նրանով, որ կարող են ծխել): Հիշելով մինչև մեզ ապրած մեծ երգիչներին, ովքեր նաև եղել են մեծ ծխողներ, անհնար է վստահորեն ասել, որ երգիչները չպետք է ծխեն, բայց սա շատ զգուշորեն կիրառվող մի սովորույթ պետք է լինի: Եթե ծխելը ցանկացած դեպքում առաջացնում է արտախխում (էքսպեկտորացիա), ապա պետք է միանգամից թարգ տալ, քանի որ թքելու սովորույթը, որը որոշ երգիչներ (առանց կարիքի) որդեգրում են, իրականում ծխելու մեծագույն չարիքն է. այն թուլացնում է կոկորդը, թոքերը և կուրծքը: Եթե մարդը կարող է ծխել առանց թքելու կամ խմելու, խոստովանում եմ, որ այդ դեպքում ես թութունի մեծ թշնամի չեմ, բայց այդ «եթե»-ն շատ կարևոր է:

Ծխախոտը հստակորեն պաշտպանում է մրսելուց, երբ տաք սենյակից դուրս ես գալիս բաց տարածք, հատկապես երգելուց հետո: Բայց ուժեղ սիգարներից կամ ծխամորճով թութունից պետք է խուսափել, նյարդերի վրա դրանց ազդեցության պատճառով:


4 ուշ ժամ

Խուսափեք ուշ ժամերին արթուն լինելուց: Ձեզ պահանջվում է ոչ միայն քնի որոշակի չափաքանակ, այլև քնել մինչև մարմինն ու միտքը կլինեն չափազանց լարված: Շատ պատճառներով, քաջ հայտնի է, որ մարդու մարմինը միշտ ամենահանգիստ վիճակում է գիշերվա ժամը 2-ից մինչև 5-ը, և ինչքան մոտ ես անկողին մտնում այս ժամերին, ավելի քիչ կարող ես քնից քաղել բոլոր այն օգուտները, որոնք պահանջվում են: Ցանկացած մարդու համար տասներկուսը բավականին ուշ ժամ է:

Մեկ այլ պատճառ, թե ինչու է, որ ուշ ժամերը վատ են, կապված է ոչ այնքան ֆիզիկական փաստերի, ինչքան բարոյականության հետ: Ճիշտ է, կարող է վնաս չկրեք, կամ որևէ չարության զոհ չդառնաք՝ արթուն լինելով ուշ գիշերով, բայց դուք ձեզ ռիսկի եք ենթարկում. մսրել, չափազանց շատ հոգնել, շնչել վատ օդ և այլն, ինչպես նաև բարոյական կերպարից զրկվելու ռիսկ, որը որոշ առումով փխրուն է ինչպես ձայնը, և վնասվում է ոչ միայն իրավախախտմամբ, այլև հասարակության, խոսակցության և գրավոր նյութերի միջոցով, որոնք խավարացնում են դրա լույսը կամ (այլ փոխաբերությամբ ասած) փչացնում են դրա ուրվագծի մաքրությունը՝ ուղղակի հարվածելով անկյուններին: Ամեն դեպքում, ավելի լավ է «գիշերային» կյանքից հեռու լինել:

Բարոյականություն

Երգչի վրա ոչինչ չի կարող այնքան նախապաշարմունքային ձևով ազդել, քան այն ամենը, ինչն անվանում են «արագ» կյանք («կյանքում ամեն ինչ փորձել»): Ուստի ես ուսանողին կհորդորեմ խորհել այդ ազդեցություններից խուսափելու կրոնապաշտության հասնող պահանջի մասին: Դրանք բթացնում են մտքի մաքրությունը, որը հետք է թողնում իրական արվեստի վրա, դրանք սպանում են բանականությունը, որը պահանջվում է արվեստի կողմից, և դրանք վնաս են հասցնում ֆիզիկական զորությանը, առանց որի երգչի ամբողջ սովորածը կդառնա անպետք իրեն համար: Ցանկացած չափազանցություն վատ է, և ինքնակառավարումն ու ինքնավերահսկումը մեծագույն կարևորություն ունեն և՜ բնավորության, և՜ առողջության համար: Անհանգիստ որոշ ուսանողներ վարպետացել են իրենց արվեստի երաժշտական մասով, բայց չեն դիմացել երգիչ դառնալ ցանկացողի վրա բարոյական վարքագծի կողմից պարտադրվող կոշտ պահանջներին: Երգչի համար օգուտ չէ երաժշտապես ուժեղ լինելը և թույլ՝ բարոյապես. երկու վերապատրաստումները ձեռք ձեռքի տված պետք է ընթանան, և ձայնային հզորության համար կառույց ստեղծելիս նա պետք է հոգ տանի այն մասին, որ բարոյական հիմքը միշտ դիմանա համառ ուսուցման ծանրությանը և նրան հնարավորության տա զբաղեցնել լավ դիրք առաջնային տեղ գրավելու համար ընթացող դաժան մրցակցության դաշտում, որն անցկացվում է երգչի փառք ձեռք բերելու և անխուսափելիորեն պատվի արժանանալու նպատակով: Մտապահեք այս հուշումները, դրանց մասին ուշադիր մտածեք, և եղեք ձեր սեփական բարոյականության բժիշկը: Դա կլինի ավելի լավ, քան ցանկացած կտրատված ու չոր կանոնների հետևելը: Եթե ընդհանրապես սխալ եք թույլ տալիս, թող դա լինի ինքնամերժման գործում, որն առաքինություններից ամենաբարդը և հավանաբար ամենաբարձրն է: